17 հուլիսի 2026 - 18:53 AMT
Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ քննարկվել են Հայաստանից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորությունները։ Կողմերը նաև անդրադարձել են արտահանման գործընթացի կազմակերպմանը, լոգիստիկ երթուղիներին և ֆիտոսանիտարական պահանջներին վերաբերող հարցերին։

Արման Խոջոյանը ներկայացրել է կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը և հայկական թարմ բանջարեղենի ու ծաղիկների արտահանման հեռանկարները։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակական առավելություններն ու արտահանման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև դիտարկել դեպի ԱՄԷ հայկական հանքային ջրի արտահանման հնարավորությունը։

Քննարկմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, ինչպես նաև լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձը և համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարումների կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա գործնական քայլերը՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Գործնական համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության անդամներն այցելել են մի շարք ջերմատնային տնտեսություններ՝ ծանոթանալու արտադրական և արտահանման հնարավորություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման և լոգիստիկ ենթակառուցվածքներին։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։