
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատեր է դարձել է ամերիկյան ընկերություն, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության կողմից նշանակվել է նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
Դեռ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքավայրի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա դարձել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումը, գրում է «Ազատությունը»:
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից երևում է, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը դարձել է «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը։ Այդ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ, իսկ բաց աղբյուրների համաձայն՝ այն հիմնադրվել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ Տեխաս նահանգում։
Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերը վկայում են, որ ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։
Այս շաբաթվա սկզբին հայտն դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ և ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։
«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները», - գրել էր հեղինակավոր The Guardian պարբերականը՝ հավելելով, որ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Սոկոլովը մինչև TRIPP-ում ներգրավվելը Հայաստանում արդեն հայտնի էր որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիայի» համասեփականատեր․ 2024 թվականին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոս բաժնեմասը։
Ապրիլին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարել էր. «ՎՏԲ-ն Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է»։
Թեղուտի հանքավայրը Հայաստանում պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդ խոշորն է։ Դրա գնահատված պաշարները հասնում են 450 միլիոն տոննա հանքաքարի։ Այստեղ գործում է նաև լեռնահարստացման կոմբինատ, որը շահագործման էր հանձնվել ավելի քան տասը տարի առաջ։ Հանքավայրը շահագործել էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018 թվականին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում կատարել ՎՏԲ-ից ստացած վարկային պարտավորությունները, և 380 միլիոն դոլարի պարտքի դիմաց հանքավայրը անցել էր ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։
ՎՏԲ-ին չմարված վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024 թվականի հաշվետվության, կազմել էր ավելի քան 162 միլիարդ դրամ կամ մոտ 440 միլիոն դոլար։
Օրերս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը թույլ էր տվել «Կուպրար ՌԱ» ընկերությանը ձեռք բերել Թեղուտի բաժնետոմսերը։
Բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը՝ Սերգեյ Վիրաբյանը, ՎՏԲ-ից ըստ էության ժառանգել էր Թեղուտի վարկային պարտքը և այն վաճառել երրորդ կողմին։ Վիրաբյանը հաստատել էր, որ հենց ինքն էր հանդիսացել «Կուպրար ՌԱ»-ի սեփականատերը, վերցրել էր ընկերության պարտքն ու վաճառել այն։
Փաստացի, հանքի վաճառքի ընթացքում կիրառվել էր մեխանիզմ, որի արդյունքում սկզբում ընկերության պարտքը ռուսական բանկից փոխանցվել էր մեկ այլ ընկերության, որն էլ վարկային պարտավորությունները մարելուց հետո հանքավայրը, ենթադրաբար ավելի բարձր գնով, վաճառել էր ԱՄՆ-ում գրանցված «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգսին»։
Այս տարբերակի հիմնական բացատրությունն այն է, որ Սոկոլովը խուսափել էր արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկի հետ անմիջական գործարքից և հանքավայրը ձեռք էր բերել երրորդ ընկերության միջոցով։
Սոկոլովի անձնական կայքում նշվում է, որ նա 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ և իր ներդրումներով զարգացրել է հեռահաղորդակցության, էներգետիկայի և ֆինանսական ծառայությունների ոլորտների կարևոր ենթակառուցվածքները։ Նրան են պատկանում Չիկագոյում գործող IJS Investments ընկերությունը և Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ն, որը մասնագիտացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում նաև Northern Pillar Energy կոնսորցիումում, որը զբաղվում է մաքուր էներգիայով և օպտիկամանրաթելային կապով՝ միացնելով Աֆրիկան Եվրոպային։
Նա հայտնի է նաև իր բարեգործական նախաձեռնություններով։ Անցած տարի նա 100 միլիոն դոլար էր նվիրաբերել Չիկագոյի համալսարանին՝ Բութի բիզնես դպրոցի MBA ծրագրին աջակցելու նպատակով, ինչպես նաև Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամին, որի հոգաբարձուներից մեկն է։ Նա նաև եղել է ամերիկյան այն 37 ընկերությունների և գործարարների թվում, որոնք Meta-ի, Google-ի և Apple-ի հետ միասին ֆինանսավորել էին նախագահ Թրամփի նախաձեռնած՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի վերանորոգումը։ Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար։
Associated Press-ի տվյալներով՝ Սոկոլովը պարբերաբար նվիրատվություններ է կատարել նաև նախագահ Թրամփի քաղաքական շտաբին։ Միայն մեկ տարվա ընթացքում նա շուրջ 11 միլիոն դոլար է փոխանցել Թրամփին աջակցող MAGA շարժմանը։
Բրիտանական The Guardian-ը անցած դեկտեմբերին գրել էր, որ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփը, այցելել էր Ջիբրալթարում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը պատկանում է Կոնստանտին Սոկոլովին։