20 հուլիսի 2026 - 12:27 AMT
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննադատել է ՖԻՖԱ-ին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն կոչ է արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) սկսել բանակցություններ նոր «շրջանակային համաձայնագրի» շուրջ։

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից մի քանի ժամ առաջ հրապարակված բաց նամակում նա գրել է.«Տոնակատարությունը կավարտվի երեկոյան, իսկ հարցերը կմնան: Հաջորդ ճգնաժամն արդեն սկսվել է․ Այն երկու անվանում ունի՝ փող և իշխանություն», հայտնում է Deutsche Welle-ն:

Նամակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՖԻՖԱ-ին մեղադրել է քաղաքականացված լինելու, ռասայական ենթատեքստ ունեցող սկանդալների և ADI Predictstreet բեթինգային կառույցի հետ համագործակցության համար, որը, Բերսեի կարծիքով, ճանապարհ է բացում «խարդախության համար»։

2018 թվականին Եվրոպայի խորհուրդը և ՖԻՖԱ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ֆեդերացիան պարտավորվել է հարգել Եվրոպայի խորհրդի չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու պատշաճ կառավարումը։ Ալեն Բերսեն նշել է, որ Հյուսիսային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով՝ մինչև 2030 թվականի առաջնությունը «շրջանակային համաձայնագիրը» պետք է վերանայվի։

2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ՖԻՖԱ-ն և դրա նախագահ Ջանի Ինֆանտինոն բազմիցս դարձել են քննադատության թիրախ։ Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը եղել է ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Ֆոլարին Բալոգանի որակազրկման չեղարկումը, որի համար, ըստ հրապարակումների, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ հեռախոսազրույցով դիմել է Ինֆանտինոյին։

ՖԻՖԱ-ին քննադատել են նաև այն բանի համար, որ մարզական բաղադրիչը զիջել է շոուներին և գովազդին։ Ավելացել են կոմերցիոն դադարները, հանդիսավոր արարողություններն ու խաղերի շուրջ կազմակերպված ժամանցային միջոցառումները, հատկապես եզրափակչում, որի ընդմիջմանը կազմակերպվել է ԱՄՆ-ում հայտնի Սուպերբոուլի ձևաչափով շոու՝ արտիստների մասնակցությամբ։

Associated Press գործակալության հաշվարկներով՝ մրցաշարի ընթացքում Ջանի Ինֆանտինոն Qatar Airways-ի մասնավոր ինքնաթիռով թռել է մոտ 95 հազար կիլոմետր՝ ներկա գտնվելով 43 հանդիպման։ Դա քննադատության պատճառ է դարձել՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի նախկին խոստումները զգալիորեն կրճատել CO₂-ի արտանետումները։

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվել է հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայում, որտեղ կայացել է ընդհանուր առմամբ 104 հանդիպում։ Մրցաշարի խաղերի մեծ մասն անցկացվել է ԱՄՆ-ում՝ ընդունող 16 քաղաքներից 11-ում, ևս երեք քաղաք հյուրընկալել է հանդիպումներ Մեքսիկայում, իսկ երկուսը՝ Կանադայում։ Եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է գործող աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականին և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։