20 հուլիսի 2026 - 18:04 AMT
Բերնhեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը և թագավոր Չարլզ III-ի հետ հանդիպումից հետո առաջին ելույթն է ունեցել Դաունինգ սթրիթի վարչապետական նստավայրի առջև։ Նա նաև հայտնել է, որ վարչապետի կարգավիճակում իր առաջին միջազգային հեռախոսազրույցները կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Չարլզ III-ը պաշտոնապես հանձնարարել է Բերնհեմին ձևավորել երկրի կառավարությունը։ Մեծ Մանչեսթերի 56-ամյա նախկին քաղաքապետը ընտրվել էր Լեյբորիստական կուսակցության ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Քիր Սթարմերին, հայտնում է BBC-ն:

Թեև արդեն մի քանի շաբաթ հայտնի էր, որ հենց Բերնհեմն է դառնալու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, նա պաշտոնապես լիազորությունները ստանձնել է թագավորի հետ ունեցած հանդիպումից հետո։

Պաշտոնը ստանձնելու հետ միաժամանակ հրապարակվել է նաև նրա զրույցը լրագրողների հետ, որը տեղի էր ունեցել մինչև թագավորի հետ հանդիպումը։ Այդ զրույցում Բերնհեմը նշել է, որ ցանկանում է անձամբ աջակցել Ուկրաինայի նախագահին։

«Ես Զելենսկուն լիակատար հավաստիացումներ կտամ, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան և վճռական է։ Ես նրա կողքին կլինեմ, այդ թվում՝ անձամբ»,- հայտարարել է նոր վարչապետը։

Նա ընդգծել է, որ Մանչեսթերի քաղաքապետի պաշտոնում սերտ համագործակցել է ուկրաինական քաղաքների ղեկավարների հետ և մտադիր է այդ փորձն օգտագործել նաև վարչապետի պաշտոնում։

Իշխանության փոխանցման վերջին փուլը սկսվել է Դաունինգ սթրիթում Քիր Սթարմերի հրաժեշտի ելույթով։ Դրանից հետո նա մեկնել է Բուքինգհեմյան պալատ, որտեղ պաշտոնապես հրաժարական է ներկայացրել թագավոր Չարլզ III-ին, որն ընդունել է այն։

Իր վերջին ելույթում որպես վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ լիովին աջակցում է Բերնհեմին։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեր թշնամիները ոչնչի առաջ կանգ չեն առնի, որպեսզի մեր արժեքների պատճառով բաժանեն մեզ»,- ասել է Սթարմերը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ ռուսական ներխուժմանը դիմակայելու գործում։

«Ես հեռանում եմ լավ զգացողություններով։ Հեռանում եմ ժպիտով։ Եվ հեռանում եմ՝ հպարտանալով այն ամենով, ինչին մենք հասել ենք»,- հայտարարել է արդեն նախկին վարչապետը։

Այնուհետև Բուքինգհեմյան պալատում կայացած հանդիպման ընթացքում Բերնհեմը համաձայնել է գլխավորել կառավարությունը և դարձել Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետը։

Դրանից հետո նա ուղևորվել է Դաունինգ սթրիթ, որտեղ հանդես է եկել իր առաջին պաշտոնական ելույթով՝ ներկայացնելով կառավարության հիմնական առաջնահերթությունները։

Նա նշել է, որ լիովին գիտակցում է երկրում վարչապետների հաճախակի փոփոխության խնդիրը․ վերջին տասը տարիներին Բերնհեմը դարձել է արդեն յոթերորդ վարչապետը, իսկ վերջին չորս տարիներին՝ հինգերորդը։

«Մեծ Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կրկին կարող ենք լինել կայուն»,- ասել է Բերնհեմը։

Նա նաև ընդգծել է, որ բրիտանական քաղաքական համակարգին անհրաժեշտ են ավելի մեծ կայունություն և պատասխանատվություն։

Բերնհեմի խոսքով՝ ներկայիս շրջանը երկրի համար դարձել է «իմաստավորման և վճռականության» ժամանակ, և պետությունը պետք է բացահայտ ընդունի իր առջև ծառացած մարտահրավերները։

Նա հայտարարել է, որ քաղաքական կայունությունը պետք է քաղաքացիների համար ապահովի շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ թեթևացնի կյանքի թանկացման հետևանքները։

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կզբաղեցնեն նոր կառավարության առանցքային պաշտոնները։ Սպասվում է, որ նախարարների կաբինետի ձևավորումը կմեկնարկի անմիջապես Դաունինգ սթրիթ տեղափոխվելուց հետո։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է ֆինանսների նախարարի թեկնածությունը։ Սկզբում այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ էր համարվում էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը, սակայն վերջին օրերին Ռեյչել Ռիվզի հնարավոր իրավահաջորդի թվում ավելի հաճախ նշվում է ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդի անունը։

Բերնհեմի թիմն արդեն ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ, որոնք նախատեսվում է իրականացնել աշխատանքի առաջին ամիսներին։

Դրանց թվում է բոլոր չափահաս բրիտանացիների համար պարտադիր պետական թվային անձը հաստատող փաստաթղթի ներդրման գաղափարից հրաժարվելը, որը ներկայացվում է որպես նոր կառավարության առաջնահերթությունների վերանայման մաս։

Սպասվում է նաև քննարկում Հյուսիսային ծովում նավթի և գազի նոր արդյունահանման ծրագրերի շուրջ։ Այդ նախաձեռնությունը ներառված է ավելի լայն ծրագրում, որը նախատեսում է ջրամատակարարման և էներգետիկ ընկերությունների պետական վերահսկողության ընդլայնում, ինչպես նաև համայնքային բնակարանաշինության նոր ծրագիր։

Միևնույն ժամանակ բնապահպանական կազմակերպությունները Բերնհեմին կոչ են արել հավատարիմ մնալ Լեյբորիստական կուսակցության 2024 թվականի նախընտրական ծրագրին, որով նախատեսվում էր չտրամադրել նավթի և գազի արդյունահանման նոր լիցենզիաներ Հյուսիսային ծովում՝ պնդելով, որ նման նախագծերը չեն նվազեցնի էներգիայի գները։

Թեև էներգետիկ քաղաքականության վերջնական մանրամասները դեռևս չեն հրապարակվել, ակնկալվում է, որ Բերնհեմը կպահպանի այդ հանձնառությունը և արդյունահանում կթույլատրի միայն արդեն գործող լիցենզիաներ ունեցող հանքավայրերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Բերնեմի ծրագրերը՝ կապված նավթի և գազի արդյունահանման ընդլայնման հետ։

Photo. Reuters