
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։
Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։
Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,- գրել է նախարարը։
Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է հնարավոր խախտումներ՝ կապված ընդերքօգտագործման թույլտվությունների և պարտավորությունների կատարման հետ։