
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ Այդ մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Ծառուկյանին Քննչական կոմիտե են բերել հերթական հարցաքննության, սակայն այս պահին պաշտպանական կողմը չի տեղեկացրել, թե որ քրեական վարույթի շրջանակում է նա այսօր հրավիրվել Քննչական կոմիտե, հայտնում է Sputnik Արմենիան:
Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել։
Երեմ Սարգսյանը նշել է, որ հետագա գործողություններից ամեն ինչ պարզ կդառնա։
«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում։ Հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,– ասել է Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմն արդեն բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք, ըստ իրենց, հերքում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները, և պատրաստվում է լրացուցիչ փաստաթղթեր ևս ներկայացնել, հայտնում է Aysor.am-ը:
«Բայց փորձում են փաստաթղթերը չտեսնելու տալ»,- նշել է Սարգսյանը։
Քննչական կոմիտեի բակում մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, որոնք ծափերով ողջունել են նրան։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):
Հուլիսի 6-ին հայտնի է դարձել, որ իրավապահները մուտք են գործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացրել։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքվել են, իսկ աշխատանքը դադարեցվել է։ Վերսկսվել է միայն «Արարատցեմենտ» գործարանի գործունեությունը։ Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացրել և Քննչական կոմիտեից պահանջել են թույլ տալ վերականգնել բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը կալանավորվել է երկու ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Առանձին քրեական վարույթ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։