22 հուլիսի 2026 - 10:39 AMT
Գարիկ Սարգսյանը հրաժարվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնից` կվերցնի մանդատը

Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները՝ որոշել է վերցնել ԱԺ մանդատը: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ իր թիմը մեծածավալ աշխատանք է կատարել Վեդիում:

«Եթե կհիշեք, 2021թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի. «Ուզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում և ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետևապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին և համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։

Հավատացա՛ծ եղեք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը և իմ մարզը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր համայնք և մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։ Ի՛ գործ։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նա:

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: