22 հուլիսի 2026 - 12:04 AMT
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքների գործով ելույթներ են ունեցել դատախազները

Հուլիսի 21-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։

Նշվում է, որ վերաքննիչ վարույթում ընդգրկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներ, որոնց նրանք տիրապետում են, ինչպես նաև պաշտպաններ:

Դատական նիստին մասնակցել են «տուժողների» ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ Գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբաս Աբբասլին և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովն ու Սևինջ Գասիմովան, հայտնում է APA-ն:

https://ru.apa.az/proisshestvie/na-apellyacionnom-processe-po-zalobam-araika-arutyunyana-i-drugix-nacali-vystupleniya-prokurory-foto-663338

Նիստի սկզբում նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտնել է, որ դատական կոլեգիան քննել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրյալների հետ առանձնազրույց անցկացնելու վերաբերյալ, և այդ հարցով որոշում է կայացրել։

Այնուհետև նշվել է, որ պաշտպանության կողմը և տուժողների ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել իրենց դատական ճառերով։ Գործող դատավարական կարգի համաձայն՝ խոսքը տրամադրվել է պետական մեղադրանքը պաշտպանող կողմին։

Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները նշել են, որ «դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցների ամբողջությունը հաստատում է մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը և ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները համապատասխանում են քրեական գործով հետազոտված ապացույցներին»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 24-ին։

Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։