
Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա շահերը պաշտպանելու է իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամներկայացրել է Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը:
Նշվում է, որ գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:
Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։
«Ավելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։
Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել»,-ասվում է հայտարարության մեջ:
Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:
«Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: