
Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը, գրում է «Ազատությունը»:
Իրավապաշտպանը նշել է, որ թեև այդ մտահոգիչ տեղեկություններն ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, նրա գնահատմամբ, դրանք արժանահավատ են, և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացած լինեն բռնության հետևանքով։
«Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:
Ահազանգեր ենք ստացել նաև լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը»,-ասել է Սահակյանը:
Նա մանրամասնել է, որ խոսքն այդ թվում կոտրվածքների մասին է։ Իրավապաշպանը չի բացառել, որ կոտրվածքները կարող են բռնության հետևանք լինել:
«Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել»,-ասել է Սահակյանը:
Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակի շարունակական վատթարացման մասին հայտնել են հենց գերիների հարազատները։
Անվտանգության նկատառումներով և հնարավոր ճնշումներից խուսափելու նպատակով ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հարազատները չեն ցանկացել ներկայանալ, սակայն ահազանգել են, որ առանց բժշկական օգնության՝ տարիներ շարունակ ադրբեջանական չորս պատերի ներսում պահվող հայերի առողջական վիճակն օրեցօր վատացել է։
Այդ խնդրի մասին հայտնել են ոչ միայն գերիները՝ ժամանակ առ ժամանակ ընտանիքի անդամների հետ հեռախոսային կարճատև զրույցների ընթացքում, այլ դրա մասին վկայում են նաև հայերի դատավարություններից ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կցկտուր տեսանյութերը։
Գերիների ընտանիքները նաև այդ կադրերի միջոցով են նկատել, որ նախկինում առողջ և ամուր տղամարդիկ մի քանի տարվա ընթացքում հյուծվել ու մաշվել են։
«Շատ նիհարած ա, ոնց որ ոսկորն ու կաշին լինի, էն ներքևի ատամներն էլ չկան: Ինքը ճիշտ է՝ մեզ չի ասում, բայց դատավարության ընթացքում երևում ա, որ ներքևի ատամները չկան, ջարդած ա», - ասել է գերիներից մեկի հարազատը:
Մեկ այլ գերու հարազատը, որը ոչ միայն չի ցանկացել ներկայանալ, այլև խուսափել է ձայնագրվելուց, հայտնել է, որ այժմ բոլոր գերիներն են դժգոհում իրենց առողջական վիճակից:
«Զանգեց, ասեց՝ «վատ ենք, բոլորս ենք վատ, մեկը սրտից է բողոքում, մեկը գլխից է բողոքում, մենք լրիվ անտեսված ենք»,-ասել է նա:
Օրերս «Ազատության» հետ զրույցում արդեն վեց տարի ադրբեջանական բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինը ևս ահազանգել էր, որ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։
19 հայ գերիների մի մասը, որոնք արդեն վեց տարի, իսկ մյուսները՝ մոտ երեք տարի պահվում են ադրբեջանական բանտերում, հարազատների փոխանցմամբ՝ զրկված են բժշկական ստուգումներ անցնելու հնարավորությունից։
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ գերիների առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն չկա, քանի որ միջազգային կառույցների միջնորդությամբ անկախ բժիշկների հասանելիություն հայ գերիները չունեն։ Հետևաբար ընտանիքներից ստացված տեղեկությունները փաստագրվել և ներկայացվել են այն կառույցներին, որոնք կարող են որևէ դերակատարում ունենալ։
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ կառույցներին խնդրել են միջամտել կամ դիվանագիտական երկխոսության միջոցով այս հարցերը քննարկման առարկա դարձնել։
Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ բժշկական փաստաթղթերը համադրվելու են ընտանիքներից ստացված տվյալների հետ։
Իրավապաշտպանը նշել է, որ թեև Եվրոպական դատարանը չի կարող Ադրբեջանին պարտադրել անկախ բժիշկների հասանելիություն ապահովել, սակայն Բաքվին պարտավորեցրել է երաշխավորել գերիների առողջությունն ու անձեռնմխելիությունը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել նրանց կյանքը։ Այդ նպատակով ևս Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է բանտերում պահվող հայերի բժշկական փաստաթղթերը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին։ Ադրբեջանական կողմի արձագանքը չի ուշացել։ Միլի Մեջլիսը բողոք է հայտնել՝ պնդելով, որ բանաձևում անհիմն մեղադրանքներ են ներառվել, իսկ փաստաթուղթը հայկական լոբբիի աջակցությամբ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու փորձ է։