
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները շարունակվել են ավելի քան 11 ժամ։ Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտնել է, որ երկու առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Պաշտպանի փոխանցմամբ՝ առերեսումներն անցկացվել են հապշտապ և ուղեկցվել պաշտպանության իրավունքի սահմանափակումներով, հայտնում է Factor.am-ը:
Բացի այդ, պաշտպանը հայտնել է, որ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ առնչվող գործով Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով՝ ՔՕ 290-րդ հոդվածով, ինչը նա բնորոշել է որպես «զավեշտ»
«Բոլորին արդեն հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ… Պարոն Ծառուկյանն էլ իր գնահատականը տվեց, մենք էլ ենք գնահատում որպես քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, որովհետև չի կարող նման բան լինել, որ մի օրում միանգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: