27 հուլիսի 2026 - 16:41 AMT
Կարապետյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը վիճարկելու նպատակով։

ԿԿՀ-ն Կարապետյանի նկատմամբ 200 հազար դրամի չափով վարչական տույժ էր նշանակել՝ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրն օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար, գրում է Auroranews.am-ը:

Հանձնաժողովի որոշման համաձայն՝ Սամվել Կարապետյանը հայտարարագիրը չի ներկայացրել նաև ԿԿՀ-ի գրավոր ծանուցումից հետո՝ օրենքով նախատեսված լրացուցիչ 30-օրյա ժամանակահատվածում։ Դրա հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամի չափով վարչական տույժ։

Նշվել է, որ 2026 թվականի փետրվարին՝ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու ժամանակ, Կարապետյանը դատարանի որոշմամբ գտնվել է շփումների սահմանափակումների ներքո։ Ներկայում նա գտնվում է տնային կալանքի տակ։

Կարապետյանը դատական կարգով վիճարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Առայժմ տեղեկություն չի հրապարակվել այն մասին, թե արդյոք հայցն ընդունվել է վարույթ։