28 հուլիսի 2026 - 11:16 AMT
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում

Իրանի հետախուզության նախարարությունն ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը, ինչպես նաև մի շարք այլ օտարերկրյա լրատվամիջոցներ, ընդգրկել է «թշնամական լրատվամիջոցների» ցանկում և դրանց հետ համագործակցողների համար քրեական պատասխանատվություն է սահմանել, հայտնում է Factor.am-ը:

Բաքուն արձագանքել է՝ անօրինական ճանաչելով իրանական Səhər հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA)։ Հայտարարությունում նշվել է, որ թեև Ադրբեջանը շարունակել է հավատարիմ մնալ լրագրողների մասնագիտական գործունեության պաշտպանության սկզբունքին, միաժամանակ ապահովել է նաև փոխադարձության սկզբունքի կիրառումը։

«Այսպիսով, լրատվամիջոցների մասին օրենքի 11.4 հոդվածի համաձայն՝ եթե այլ պետություններ հատուկ սահմանափակումներ են սահմանում լրատվամիջոցների ռեեստրում ընդգրկված լրագրողների մասնագիտական գործունեության համար, նմանատիպ սահմանափակումներ կարող են սահմանվել նաև Ադրբեջանում այդ սահմանափակումները սահմանած պետության լրագրողների նկատմամբ»,- ասվում է գործակալության հայտարարությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցը նշել է, որ հիշյալ հոդվածի պահանջների և փոխադարձության սկզբունքի հիման վրա Ադրբեջանի ազգային շահերին հակասող, ինչպես նաև երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ քարոզչություն իրականացնող Səhər հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանում դրանց ներկայացուցիչների գործունեությունը համարվում է անօրինական։