28 հուլիսի 2026 - 12:01 AMT
Պաշտպան․ Մանուկյանի մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մինչ այս պահը դեռևս չի մակագրվել, իսկ առաջին ատյանի դատարանը մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել, սակայն գործի նյութերը դեռևս չի ուղարկել Վերաքննիչ դատարան։ Այդ մասին ասել է է փաստաբան Տաթևիկ Սողոյանը, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա նշել է, որ մեղադրանքի ամբողջ բովանդակությունը կառուցվել է բացառապես ենթադրությունների վրա, ինչը բավարար հիմք չի կարող հանդիսանալ մեղադրանք առաջադրելու համար:

Սողոյանը մանրամասնել է, որ բողոքով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը, և պահանջվել է բեկանել կալանքի մասին որոշումն ու մերժել միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Պաշտպանության կողմը նշել է, որ որևէ փաստական տվյալ գոյություն չունի, որը կհաստատի, թե ենթադրյալ արարքը կատարել է հենց Արեգնազ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա առաջին ատյանի դատարանը հավանական է համարել վարույթին խոչընդոտելու ռիսկը, սակայն պաշտպանի գնահատմամբ այդ հիմքը ևս չի կարող առկա լինել, թեև վերջինս մանրամասներ հայտնել չի կարող։ Նա նաև մտահոգիչ է համարել այն, որ առաջին ատյանի դատարանը սահմանափակել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունները, այդ թվում՝ իր անչափահաս երեխայի հետ։

«Բոլոր իրավասու մարմիններին այդ մասին տեղեկացրել են։ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս շատ լավ տեղյակ է եղել անչափահաս երեխայի առկայության մասին և այդ առումով դատական ակտն ընդհանրապես չի պատճառաբանել, թե ինչու չպետք է շփվի երեխայի հետ։ Հարցն անձամբ տիկին Մանուկյանը բարձրաձայնել է ՄԻՊ աշխատակազմին, որի տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս դիմել է իրավասու մարմիններին, ենթադրում եմ՝ դատախազությանը, որպեսզի վերանայեն խափանման միջոցի գոնե այդ հատվածը, որովհետև իրենց համար էլ է ակնհայտ, որ բնականաբար այդ սահմանափակումը ոչ այնքան վնասում է Մանուկյանին, որքան իր դստերը։

Այս պարագայում քրեական դատավարության գործիքակազմը դուրս է գալիս այդ խափանման տրամաբանությունից, ու դառնում է ոչ միայն պատժիչ մեխանիզմ, այլև՝ ինչ-որ առումով անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ այն մարդկանց հանդեպ, ովքեր առհասարակ այդ գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեն և գտնվում են խոցելի վիճակում, մասնավորապես անչափահաս երեխայի մասին է խոսքը»,- նշել է նա։

Հարցին, թե արդյոք վերջնականապես պարզվել է, ըստ մեղադրանքի, ինչ ենթադրյալ գաղտնի տեղեկության մասին է խոսքը և առկա՞ է պետական գաղտնիք, Սողոյանը պատասխանել է, որ իրենց համոզմամբ նման իրավիճակ գոյություն չունի, սակայն այս փուլում զրկված են այդ մասին խոսելու հնարավորությունից, քանի որ այն պաշտպանվում է պետական գաղտնիքով։

Ըստ մեղադրանքի՝ Արեգնազ Մանուկյանն իբրև փակ նիստից տեղեկություն է փոխանցել Անդրանիկ Թևանյանին, մինչդեռ պաշտպանը նշել է, որ նման որևէ փաստ գոյություն չունի։ Ավելին, նրա խոսքով, Մանուկյանն անգամ վստահ չէ՝ ֆիզիկապես ներկա եղե՞լ է այդ նիստին, թե ոչ։

«Նույնիսկ դա չի մտաբերում, ուր մնաց՝ ինքն ասի, որ ֆիքսել էր, թե ինչ-որ տեղեկություն գաղտնի է, առանձնացրել և փոխանցել է, մարդն ասում է՝ առհասարակ հարցականի տակ է՝ «Ես այդ խնդրո առարկա ինֆորմացիային, առհասարակ տիրապետել եմ, թե ոչ՝ ժամանակի այդ տարածության մեջ»։

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է Անդրանիկ Թևանյանին առնչվող վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։