28 հուլիսի 2026 - 14:33 AMT
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը: Այդ մասին հայտարարել է Աքյաքայի քաղաքապետ Էրգուդեր Թոփթաշը, տեղեկացնում է Արմենպրեսը:

Նրա գնահատմամբ, աշխտանքները կավարտեն 2-3 ամսից։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

Թոփթաշը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։

«Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշել է Աքյաքայի քաղաքապետը:

Նա հավելել է, որ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար։

«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասել է Թոփթաշը:

Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։

Մայիսին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը շուտով կսկսի Երասխի և Գյումրի-Աքյաքա շրջանի երկաթուղիների վերակառուցումը:

Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թվականից: