28 հուլիսի 2026 - 14:46 AMT
Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը։ Հանրահայտ մասնագետի հետ ստորագրվել է պայմանագիր, որը գործելու է մինչև 2030 թվականը, հայտնում էArmsport-ը:

2026 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը գլխավորել է Դիդիե Դեշամը, որը դեռևս ավելի վաղ հայտնել էր մրցաշարի ավարտից հետո պաշտոնը լքելու իր որոշման մասին։ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար կայացած հանդիպման ընթացքում ֆրանսիացիները գոլառատ խաղում 4:6 հաշվով պարտվել էին Անգլիայի հավաքականին։

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի կրել թիմի ավագի թևկապը նաև ազգային ընտրանու նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օրոք։ Այս մասին հայտնել է Le Parisien պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ հարցի շուրջ որևէ անորոշություն չկա, քանի որ Զիդանն ու Մբապեն երկար տարիներ ճանաչում են միմյանց և փոխադարձ մեծ հարգանք են տածում։

Զիդանը 2021 թվականից հետո չէր զբաղեցրել մարզչական պաշտոն։ Ավելի վաղ նա երկու տարբեր ժամանակահատվածում գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը նվաճել է ընդհանուր առմամբ 11 տիտղոս, այդ թվում՝ երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 106 խաղում խփել է 66 գոլ։ 27-ամյա հարձակվողը նաև 10 գոլով դարձել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։