28 հուլիսի 2026 - 15:17 AMT
ՊԵԿ․ Երևան–Սևան մայրուղում լցակայանը մոտ 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է մոտ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 210 մլն ՀՀ դրամ։

Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։