
Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող խոշոր անտառային հրդեհների ֆոնին երկու երկրներից տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը, ինչը, KNA գործակալության գնահատմամբ, Եվրոպայի պատմության ամենախոշոր տարհանումներից մեկն է։ Ֆրանսիայում, բացի այդ, առաջին անգամ արձանագրվել է «կրակե ամպերի» առաջացում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դրանք ամենաուժգին անտառային հրդեհներն են Երկրորդ համաշխարհայինից ի վեր, գրում է Deutsche Welle-ն:
Ֆրանսիայի և Իսպանիայի փրկարար ծառայությունները շարունակում են ուժեղացված ռեժիմով պայքարել վերջին տասնամյակների ամենակործանարար անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել են Հարավարևմտյան Եվրոպայում նոր շոգի ալիքի պայմաններում։ Մակրոնը հուլիսի 27-ին հայտարարել է, որ երկրի հարավարևմտյան հատվածում իրավիճակը «զսպվել է»։ Միաժամանակ Բորդոյի մերձակայքում հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ վերահսկողության տակ առնել։
Ֆրանսիայի նախագահն այցելել է արտակարգ իրավիճակների ծառայությունների հակաճգնաժամային կենտրոն։
«Առաջիկա շաբաթները ծանր են լինելու»,- նրա խոսքը մեջբերել է AFP գործակալությունը։
Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածքում հուլիսի 22-ից կրակը ոչնչացրել է մոտ 42 հազար հեկտար տարածք։ Երկուշաբթի օրը հրդեհը շարունակել է տարածվել, իսկ անվտանգ վայրեր է տարհանվել 220 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, այս տարի Ֆրանսիայում անտառային հրդեհներն արդեն ոչնչացրել են 116 հազար հեկտար տարածք։
AFP-ի տվյալներով՝ Ֆրանսիայի հարավարևմուտքում առաջին անգամ պատմության ընթացքում գրանցվել են այսպես կոչված «կրակե ամպեր» (պիրոկումուլոնիմբուսներ)։ Մակերևութային օդն այնքան է տաքանում, որ ծխի, ջրային գոլորշու և մոխրի հետ արագ բարձրանում է վեր՝ երբեմն հասնելով մինչև ստրատոսֆերա։ Սառը օդային հոսանքների հետ բախման հետևանքով ձևավորվում են ուժեղ քամիներ, որոնք ավելի են արագացնում կրակի տարածումը։ Հաճախ նման ամպերը նաև կայծակներ են առաջացնում։
Մինչ այժմ նման երևույթներ արձանագրվել էին Ավստրալիայում և Կանադայում տեղի ունեցած խոշոր հրդեհների ժամանակ։ Ֆրանսիայի համար այն «աննախադեպ» է, հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էրիկ Բրոկարդին։ Նրա խոսքով՝ նման «կրակե փոթորիկը» շատ դեպքերում գրեթե անհնար է մարել կամ վերահսկել, քանի որ քամին անընդհատ փոխում է ուղղությունը։
«Արդյունքում այն տարածվում է բոլոր ուղղություններով և ձևավորում հրդեհի մի քանի ճակատ, ինչը իրավիճակը դարձնում է ամբողջովին անկանխատեսելի»,- պարզաբանել է փորձագետը։
Եվրամիության բնական աղետների հետևանքների վերացման մեխանիզմի շրջանակում եվրոպական երկրներն ու Բրյուսելը Ֆրանսիային և Իսպանիային տրամադրել են 13 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ, 41 հատուկ մեքենա և ուղարկել մոտ 130 փրկարար, հայտնել են Եվրահանձնաժողովից։ Գործողությանը միացել է նաև Գերմանիան։
Երկու երկրները ստանում են նաև Copernicus ծրագրի շրջանակում արբանյակային լուսանկարներ, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով։ KNA-ի տվյալներով՝ Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը, ինչը Եվրոպայի պատմության ամենախոշոր տարհանումներից մեկն է։
Եվրամիության մեխանիզմին միացել են տասը պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Նորվեգիան և Ուկրաինան։ Եվրահանձնաժողովը համակարգում է օգնության առաջարկները և մասնակցում գործողությունների ֆինանսավորմանը։ Անհրաժեշտության դեպքում Եվրամիությունը կարող է օգտագործել նաև rescEU ռազմավարական պահուստում ներառված 22 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ։