28 հուլիսի 2026 - 16:34 AMT
Հայաստանում «Հեպատիտ Բ»-ով 2% վարակվածություն կա

Հայաստանում «Հեպատիտ Բ»-ի տարածվածությունը կազմում է 2 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը՝ ընդգծելով, որ աշխարհի բազմաթիվ երկրների համեմատ սա բարենպաստ ցուցանիշ է։

Ղազինյանի խոսքով՝ Հայաստանում վիրուսի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը համադրելի է համաշխարհային ցուցանիշների հետ։ Նրա գնահատմամբ՝ դեպքերի ընդամենը մինչև 10 տոկոսն է ախտորոշվել, մինչդեռ մնացած վարակակիրները տեղյակ չեն իրենց մոտ վիրուսի առկայության մասին, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է, որ աշխարհում մինչև 296 մլն մարդ քրոնիկ «Հեպատիտ Բ»-ի վիրուսակիր է։

«Սա նշանակում է եթե այն համարենք դինամիկ պրոցես և 20–30 տոկոսի մոտ զարգանան այնպիսի բարդություներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, լյարդի առաջնային ուռուցքը, ապա կարող ենք պատկերացնել, որ այն իսկապես համարվում է մարտահրավերներից ամենամեծը»,– ասել է Ղազինյանը ավելացնելով, որ շատ բուժառուներ, որոնք ունեն «Հեպատիտ Բ», տարիներ շարունակ ապրում են այս վիրուսի հետ ու չգիտեն, որ ունեն այն։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում են հեպատիտների վաղ հայտնաբերման և բուժման ռազմավարություններ։ Նրա խոսքով՝ ցանկացած վիրահատությունից առաջ բոլոր պացիենտները պարտադիր հետազոտվում են հեպատիտների առկայության համար, նույն պահանջը վերաբերում է նաև բոլոր հղիներին։

«Ժամանակին հայտնաբերումը, ախտորոշումն ու բուժումը հաջողության միակ գրավականն է։ Նշեմ, որ «Հեպատիտ Ց–ի» 2.2 տոկոս վիրուսակիրներ կան Հայաստանում։ Եթե ամբողջ աշխարհում 2015 թվականին 71 մլն «Հեպատիտ Ց–ի» վիրուսակիր էր հաշվառված, ապա վերջին 10 տարում 15 մլն–ն արդեն իսկ բուժված են համարվում։ Ամբողջ աշխարհում «Հեպատիտ Ց–ի» տարածվածությունը 0.7 տոկոս է կազմում»,– հիշեցրել է Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահը։

ՀՀ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական ինֆեկցիոնիստների միության նախագահ Արմեն Օհանյանն իր հերթին նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակ է սահմանել մինչև 2030 թվականը հասնել «Հեպատիտ Բ»-ի և «Հեպատիտ Ց»-ի էլիմինացիային՝ դրանց բացառման և վերացմանը։

«Այդ շրջանակում ՀՀ–ում դեռ 2020 թվականից գործում է «Հեպատիտ Ց–ի» ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին անվճար ստանալ հակավիրուսային դեղորայք։ Պլանավորում ենք հաջորդ տարվանից ներդնել նաև «Հեպատիտ Բ–ի» ազգային ծրագիր»,– ասել է նա։

Օհանյանի տվյալներով՝ 2020 թվականից Հայաստանում հեպատիտներով վարակված մոտ 4500 պացիենտ է հաշվառվել, որոնցից 300-400-ն արդեն բուժվել են։

Նա նաև հիշեցրել է, որ նույնիսկ բուժում ստանալուց հետո մարդու օրգանիզմում հակամարմինները շարունակում են պահպանվել։ Այսօր հեպատիտների դեմ կիրառվող դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է 96 տոկոս։

Օհանյանը տեղեկացրել է, որ հեպատիտների հիմնական ռիսկային խմբերում ընդգրկված են ներերակային թմրանյութ օգտագործող անձինք, համասեռամոլները, լաբորատոր ծառայությունների աշխատակիցները, բուժաշխատողները, ազատազրկման վայրերում գտնվող անձինք և արտագնա աշխատանքի մեկնողները, քանի որ վարակը փոխանցվում է արյան և սեռական ճանապարհներով։

«Օրինակ` «Հեպատիտ Բ–ի» համար բոլորս էլ թիրախային խմբեր ենք, քանի որ բոլորս էլ հաճախում ենք ատամնաբուժարաններ, գեղեցկության սրահներ կամ կան մարդիկ, որոնք դաջվածքներ են անում։ Հեպատիտների դեմ պայքարը մեր երկրում ֆունդամենտալ հիմքերի վրա է դրված. պատվաստվում են անգամ նորածինները, և այդ պատճառով էլ բոլորը պաշտպանված են»,– վստահեցրել է նա։

Օհանյանի խոսքով՝ Հայաստանում հեպատիտներով հիմնականում վարակված են 50 տարեկանից բարձր տղամարդիկ, սակայն խոսքը վերաբերում է այն անձանց, որոնց մոտ հիվանդությունն արդեն ախտորոշվել է։

Նա նաև հայտնել է, որ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում Հայաստանում սուր «Հեպատիտ Բ»-ի դեպքեր չեն ախտորոշվել։

Ինչ վերաբերում է հիվանդության տարածվածության աշխարհագրությանը, ապա հեպատիտներով վարակված անձինք առավել հաճախ հայտնաբերվել են Երևանում, սակայն վերջին շրջանում մարզերում ևս ակտիվացել են հետազոտություններն ու ախտորոշումները։ Այս առումով իրազեկվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։

Հուլիսի 28-ին աշխարհում նշվում է Հեպատիտների դեմ պայքարի և իրազեկման միջազգային օրը։