
Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից որպես պաշտպան հեռացնելը և նույն գործով որպես վկա հարցաքննության հրավիրելը։ Այդ մասին ասվում է Պալատի հայտարարության մեջ:
Փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է ընդունել՝ դատապարտելով այն գործողությունները, որոնք, ըստ խորհրդի, պարունակում են փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ և ունեն փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ։
«Մասնավորապես,
Խորհուրդը նախաքննական մարմնին հորդորել է անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու հիմնավորվածությունը, ձեռնպահ մնալ փաստաբանական գրասենյակի, բնակարանի, ավտոմեքենայի, իրերի կամ թվային կրիչների խուզարկությունից, առգրավումից կամ այլ ուսումնասիրություններից, եթե դրանք առնչվում են փաստաբանական գործունեությանը, ինչպես նաև ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի և տվյալների լիարժեք անձեռնմխելիությունը։
Փաստաբանների պալատի խորհուրդը նաև կոչ է արել ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին առնչվող հնարավոր միջամտությունների օրինականության նկատմամբ։
Խորհուրդը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։
Հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ Երեմ Սարգսյանը հեռացվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից, ինչի հետևանքով նա չի կարողացել շարունակել նրա պաշտպանությունը։ Միաժամանակ փաստաբանը նույն գործով հրավիրվել էր հարցաքննության որպես վկա։ Սարգսյանը հայտնել էր, որ որոշումը բողոքարկելու է ինչպես դատախազությունում, այնպես էլ դատարանում։