
Պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, որ 19-ամյա ժամկետային ծառայողը ենթարկվել է ծեծի՝ նշելով, որ դա սուտ է, և որ զոինվորը գտնվում է հոսպիտալում այլ առողջական խնդրով:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։
Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:
Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:
Մեկ այլ գրառմամբ ՊՆ-ն հայտնել է, որ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
Զինշառայողին ծեծի ենթարկելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն: Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։
Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։
Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդրում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների»,-գրել էր իրավապաշտպանը: