29 հուլիսի 2026 - 13:01 AMT
Ավարտվել է անչափահասի թրաֆիքինգի գործի նախաքննությունը

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց մոտ 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք, հայտնում է Քննչական կոմիտեն:

Պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը)։

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։