29 հուլիսի 2026 - 15:05 AMT
ԻՔՄ-ն հաղորդում է ներկայացրել Ավետ Կոնջորյանի վերաբերյալ, նրա հարցը էթիկայի առումով կքննվի նաև ՔՊ վարչությունում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Հայկ Կոնջորյանի եղբայր, նույնպես ՔՊ անդամ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով, մեքենայի միջից փողոցում, առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ դատախազություն հաղորդում է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունը դատապարտում է ցանկացած բռնություն, սակայն անընդունելի է համարում նաև փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարք է։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան մոտով և հայհոյանքներ հնչեցրել:

«Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։

Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ավետ Կոնջորյանի հետ կապված դեպքը կուսակցությունում կարժանանա նաև կարգապահական և էթիկական գնահատականի։ Այդ մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք ունենք կուսակցությունում ինստիտուտներ, որ գործել են և գործում են։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց ենք, ցավոք սրտի, կուսակցությունից հեռացրել տարբեր պատճառներով։ Երբ կլինեն որոշումներ մեր մասով, այդ մասին հայտնի կդառնա»,- նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում պետք է իրականացվեն երկու առանձին գործընթացներ՝ մեկը՝ դեպքին քրեաիրավական գնահատական տալու և, եթե լինեն մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, մյուսը՝ կուսակցական կարգապահության և էթիկայի կանոնների պահպանման տեսանկյունից։

Անդրադառնալով Ավետ Կոնջորյանի եղբոր՝ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանի հնարավոր պատասխանատվության հարցին՝ Թորոսյանը նշել է, որ նման հարցադրումը տեղին չի համարում։ Նրա գնահատմամբ՝ միայն ազգակցական կապը կամ նույն ազգանունը կրելը չի կարող ենթադրել մեղավորության կանխավարկած։

Նախարարն ընդգծել է, որ իր համար անընդունելի է ցանկացած բռնություն, ինչպես նաև կուսակցական էթիկայի կանոնագրքի ցանկացած խախտում՝ հավելելով, որ եթե հաստատվի նման խախտման առկայությունը, կուսակցությունում կկայացվեն համապատասխան որոշումներ։

Հուլիսի 27-ին հայտնի էր դարձել, որ ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Լրատվամիջոցները գրել էին, որ նրան Աբովյան քաղաքում, իր տան շքամուտքի մոտ, ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, «Էլլարի Սաքո» մականունով հայտնի անձը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և Ազատ Շահոյանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մինչ այդ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Makaryan News-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ հրապարակման, երևում է, թե ինչպես է Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։