
Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 105.8 միլիարդ դրամ, հայտնում է դատախազությունը:
Դատախազության պահանջով բռնագանձման ենթակա 75 անշարժ գույքի թվում են, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 52 բնակարան, Աբովյան փողոցում գտնվող 5 բնակարան, Կոտայքի մարզում գտնվող 11 բնակարան, ինչպես նաև այլ անշարժ գույքեր։
Բացի այդ, պահանջվում է բռնագանձել ևս 10 գույքի շուկայական արժեքը և 42 տրանսպորտային միջոց։
Հայցը ներառում է նաև 38 իրավաբանական անձում մասնակցության իրավունքներ, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։
Դատախազության ներկայացրած դրամական պահանջը կազմում է 105,865,865,226 դրամ։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը նաև հիշեցրել է, որ դատարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը, որի համաձայն՝ որպես հայցի ապահովման միջոց «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարումը հանձնվել է պետությանը։