
Հայաստանում նախատեսվում է խստացնել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով գազեր և այլ վտանգավոր նյութեր տեղափոխելու համար օգտագործվող ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է Արմենպրեսը:
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճնշման տակ աշխատող անոթներին, տարաներին, բաքերին, վագոններին, ցիստեռններին, մարտկոցային տրանսպորտային միջոցներին, գազի բազմատարր կոնտեյներներին, դրանց փականներին և վտանգավոր բեռների փոխադրման համար կիրառվող այլ սարքավորումներին ու պարագաներին։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստան ներմուծվող, երկրում արտադրվող և շրջանառվող նման սարքավորումները պետք է միաժամանակ համապատասխանեն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ պահանջներին։
Մասնավորապես, սարքավորումները պետք է ունենան ԵԱՏՄ շուկայում շրջանառության միասնական նշանը, համապատասխանության գնահատման փաստաթուղթը և սահմանված գունային տարբերակիչ ներկվածքը։ Միաժամանակ կպահանջվեն նաև եվրոպական «Pi» («π») մակնշումը, փորձաքննություն իրականացրած մարմնի քառանիշ նույնականացման համարը, վտանգավորության հատուկ նշանները, համապատասխանության սերտիֆիկատը և գործող փորձաքննության վերաբերյալ տեղեկատվությունը։
Եվրոպական պահանջներին համապատասխանող և «Pi» մակնշմամբ ներմուծվող սարքավորումների համար կրկնակի ամբողջական գնահատում չի իրականացվի։ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության փաստաթուղթն ու միասնական նշանը հնարավոր կլինի տրամադրել փաստաթղթային վերլուծության հիման վրա։
Հայաստանում արտադրվող սարքավորումների համապատասխանության գնահատումը պետք է իրականացվի ինչպես եվրոպական, այնպես էլ ԵԱՏՄ պահանջներին համապատասխան։ Արդյունքում դրանք կունենան երկու մակնշում և համապատասխանության գնահատման երկու առանձին փաստաթուղթ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում ներկայում եվրոպական համապատասխան լիազորված մարմիններ չկան, ուստի գնահատման և «Pi» մակնշման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պայմանագրեր կնքել նման իրավասություն ունեցող եվրոպական կազմակերպությունների հետ։
Ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների գնահատումը, վերագնահատումը, պարբերական, միջանկյալ և միանգամյա ստուգումները նախատեսվում է իրականացնել համապատասխան ստանդարտով լիազորված եվրոպական մարմինների միջոցով։ Համապատասխանության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթերը պետք է պահպանվեն 10 տարի։
Առանց անհրաժեշտ մակնշումների, սերտիֆիկատների, գունային տարբերակիչ ներկվածքի և գործող փորձաքննության վերաբերյալ տեղեկատվության նման սարքավորումների վաճառքը, ներմուծումը, շահագործման հանձնումը, լիցքավորումը կամ վերալիցքավորումը կարգելվի։
Եթե հայտնաբերվեն սահմանված պահանջներին չհամապատասխանող սարքավորումներ, տնտեսավարողները պարտավոր կլինեն դրանք համապատասխանեցնել գործող պահանջներին կամ դուրս բերել շուկայից։
Ավտոմոբիլային փոխադրումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը կկարողանա արգելել անվտանգության պահանջներին չհամապատասխանող սարքավորումների հետագա տեղափոխումը, իսկ երկաթուղային փոխադրողը պարտավոր կլինի մինչև փոխադրումը ստուգել համապատասխան մակնշումների, սերտիֆիկատների և պարբերական փորձաքննության ժամկետի առկայությունը։
Փոփոխությունների նպատակն է Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնել ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների վերաբերյալ Եվրոպական միության 2010/35/ԵՄ հրահանգին և ապահովել ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված պարտավորությունների կատարումը։
Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ հիմնավորման, չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխության և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի։
Նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ նախագծերի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը։