
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանությանը հանձնարարել է վավերագրական ֆիլմեր նկարահանել կառավարության ծրագրերի մասին։ Նա կառավարության նիստում հայտարարել է, թե հեռուստաեթերում բովանդակություն չկա, հայտնում է Sputnik Արմենիան:
«Պետության կարևոր մշակույթ է, որ ինքն իր հետքը նույնպես թողնում է։ Երբ հեռուստացույցը միացնում ենք, բովանդակություն չունենք, ունենք հեռու և մոտիկ անցյալ, ապագայի մասին էլ ընդհանրապես հույս չկա, դե ներկան էլ, որ ֆեյսբուքը կամ բրիֆինգը նայես, ընդհանրապես հույս չկա։ Հետևաբար «Շորն ու Շորշոր» ֆիլմի երազելի ժամանակներ են, որոնք հետ չեն գա»,– ասել է նա։
Փաշինյանի կարծիքով՝ կառավարության իրականացրած մի շարք ծրագրերից ՀՀ բոլոր քաղաքացիները չեն օգտվում։
«Ինչո՞ւ չենք կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել, ինչո՞ւ չենք կարող․․․ Օգոստոսի 8–ի տարեդարձն է, ֆիլմ նկարենք, թե ինչ ենք արել, ոնց է եղել։ Սա է պատճառը, որ նայում ենք` անցյալ ունենք՝ իր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան էլ, դե, էն չի։ ՀՀ բնակչության 70 տոկոսը Ագարակ–Քաջարանով կարող է չերթևեկել, հետևաբար պարտավոր եք նկարել։ Պետք չէ 3–ժամանոց բաներ նկարել, որ վերջում «Օսկար» ստանանք․ կարճ, քանի որ ժանրն է կարևոր՝ փաստավավերագրական»,– հավելել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ ֆիլմեր կարող են լինել առողջապահության ապահովագրության ծրագրի, Հյուսիս–հարավի, բանակցությունների ավարտի, 300 դպրոցի, 500 մանկապարտեզի և կառավարության մյուս ծրագրերի մասին։