30 հուլիսի 2026 - 16:08 AMT
Վարչապետ. Երկաթուղին ՀՀ սեփականությունն է՝ հարց ծագի, կգնանք արբիտրաժ

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է՝ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով լուծել, բայց նաև դե յուրե կարող է հարց ծագել, որ որոշումներ կայացնենք, ու եթե անհամաձայնություններ կան, կգնանք, արբիտրաժում կքննարկենք»,- շեշտել է վարչապետը, գրում է Radar Armenia-ն:

Նրա խոսքով՝ Հայաստանում կան հարցեր, որոնք նախկինում անվճար են եղել, սակայն այժմ կարող են վճարովի դառնալ։

Նա հավելել է, որ բաներ կան, որոնք, Հայաստանում, հնարավոր է, 30 տարի անվճար են եղել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձավճար կարող է ուզեն, հայտնում է Factor.am-ը:

«Եվ էլի եմ ասում՝ հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ… Հայաստանի ընդդիմությունը, իմիջիայլոց, «կալուգացի օլիգարխի» միջոցով ասում են՝ «այս կթանկանա, այն կթանկանա»… Հայաստանում էլ բաներ կան, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել։ Ասել՝ կա՛մ տարեկան 2 միլիարդ վարձավճար ուզեք, կա՛մ էլ…։

Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա, չկա․․․Բայց նաև, էլի եմ ասում, դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա՝ հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։

Իմիջիայլոց, արբիտրաժի մասին հիշում եք՝ այստեղ ինչ խոսակցություններ էին տեղի ունենում, որ արբիտրաժը… ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, «կալուգացին» արբիտրաժում հաղթել է…Երբ որ այս շենքում պարզվեց՝ իրենք մարդ ունեին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում հաղթեցինք։ Բա ասում եք՝ կոռուպցիա, բայց կոռուպցիա չի՞»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: