
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս մեկ անձի մասով։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ղ.-ն, տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով հաշիվների միջև փոխանցումներ կատարելիս հաշվի մնացորդի ստուգման գործառույթը չիրականացնելու տեխնիկական խոտանի մասին, ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում՝ իր անվամբ բացված բանկային հաշվում, մուտքագրել է իբր առկա տարբեր չափերի գումարներ դեպի ընկերության իր հաշվեհամար փոխանցելու վերաբերյալ տվյալներ։
Այնուհետև նշված տեխնիկական խոտանի հետևանքով ընկերության էլեկտրոնային դրամապանակի և իր անվամբ բացված հաշվեհամարի հաշվեկշռին գեներացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 907 հազար ՀՀ դրամ, որը, այլ բանկային քարտերի փոխանցելու եղանակով, ենթադրաբար հափշտակվել է։
Կ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։