30 հունիսի 2009 - 21:51 AMT
Հայաստանը եւ Գերմանիան հարաբերություններն ամրապնդելու հույս ունեն նաեւ պաշտպանության ոլորտում
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին` վերջինիս դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ պաշտպանական համագործակցության զարգացմանը, մասնավորապես` ռազմակրթական եւ ռազմաբժշկական բնագավառներում, ինչպես նաեւ խաղաղապահ առաքելություններում:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-գերմանական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն, այդ թվում նաեւ` պաշտպանական ոլորտում: