1 հուլիսի 2009 - 13:05 AMT
Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով 2008 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատությամբ
2009 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 244.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 279.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 75 եւ 73.8 տոկոսը, նշվում է Հայաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Հարկ է նշել, որ Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 27.3%-ով, ծախսերի գծով` 31.3%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 37.5 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ, որը կազմել է 19.2% կամ 45 մլրդ դրամ:
Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.1 մլրդ դրամով (3%-ով) եւ 3.9 մլրդ դրամով (38.1%-ով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են շուրջ 2.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 142.5 մլն դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 77.4%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.8%-ը` այլ եկամուտների եւ 1.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 6.7 մլրդ դրամ` նախորդ տարվա 6 մլրդ դրամի դիմաց: