16 մայիսի 2002 - 23:07 AMT
ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ճանաչողական այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստրելան հայտարարել է, թե չի բացառում այն հնարավորությունը, որ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիսատլանտայն դաշինքի լիիրավ անդամ: Նրա խոսքերով, դա կարող է իրականանալ արդեն մոտակա տարիներին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու նմանատիպ շանսեր ունեն նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: «Ներկայիս Եվրոպան այն չէ, ինչ եղել է առաջներում: Մեր մայրցամաքում այլեւս չկան թշնամիներ: Սեպտեմբերի 11-ից հետո ավելի հստակ է դարձել այն բանի գիտակցումը, որ մենք բոլորս մի նավում ենք գտնվում»,- հայտարարել է նախագահ Էստրելան: Հիշեցնենք, որ Հայաստանը արդեն հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ասոցիացված անդամի կարգավիճակ ստանալու նպատակով: Այդ հարցը կքննարկվի մշտական հանձնաժողովի նիստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի մոտակա նստաշրջանում, որը տեղի կունենա մայիսի 24-28-ը Սոֆիայում: Նստաշրջանի պլենար նիստերի աշխատանքին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի դիտորդի կարգավիճակով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: