16 մայիսի 2002 - 23:06 AMT
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵՔՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՎԵԼ ՄԵԿ ՇԱԲԱԹ
Վաղը արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեքյանը կժամանի Երեւան` «Զվարթնոց» օդանավակայինը իր ղեկավարած «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» ընկերությանը հավատարմագրային կառավարմանը հանձնելու գործընթացը ավարտելու համար: Սակայն, ինչպես հաղորդում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, վկայակոչելով արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանին, օդակայանի հանձնման-ընդունման ընթացակարգը կձգձգվի մոտավորապես մեկ շաբաթով տեխնիկական եւ իրավական խնդիրների պատճառով: Նշենք, որ երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ավիացիայի մասին օրինագիծը, որը կարգավորում է օդանավակայանը ղեկավարման հանձնելու ընթացակարգը: Հայաստանի կառավարության եւ Էդուարդո Էռնեքյանի միջեւ ստորագրված համաձայնագիրը նախօրեին ներկայացվել էր խորհրդարան` հաշվի առնելով պատգամավորների մի շարք պահանջները: Հիշեցնենք, որ «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» ընկերությունը պարտավորվել է ղեկավարմասն 30 տարիների ընթացքում օդանավակայանի զարգացման նպատակով ներդնել 80 միլիոն դոլար, ընդ որում, մոտ 50 միլիոնը` առաջին հինգ տարիների ընթացքում: Գործարքը չի նախատեսում օդակայանի վաճառք, կամ սեփականաշնորհում: Արգենտինացիները պատրաստվում են վերանորոգել թռիչքա-վայրէջքային ուղեգիծը, 60-ական թվականներին կառուցված օդանավակայնի հին մասնաշենքի փոխարեն կառուցել նոր տերմինալ, որը կկարողանա միաժամանակ սպասարկել հինգ ավիաչվերթ: Օդակայանի տարածքում կստեղծվի ազատ առեւտրի եւ հանգստի գոտի: Էդուարդո Էռնեքյանը հաղորդել է, որ մինչեւ 2014 թվականը յուրաքնչյուր տարի կավելանան ուղեւորների եւ բեռների փոխադրման ծավալները: Շահութաբերության մակարդակին ընկերությունը նախատեսում է հասնել 12-13 տարուց: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով, Էդուարդո Էռնեքյանը, որը վերահսկում է Արգենտինայի 33 օդանավակայաններ(դրանք իրականացնում են երկրի ավիափոխադրումների 90 տոկոսը), այժմ հետաքրքրություն է ցուցաբերում «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերության սեփականաշնորհման հանդեպ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: