3 հուլիսի 2009 - 21:22 AMT
«Արարատբանկի» մաքուր շահույթը կազմել է 200 000 դոլար
Ըստ նախնական տվյալների, հարկային մուծումներից զատ բանկի շահույթը կազմել է 200 000 դոլար, Երեւանում լրագրողներին է ասել «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, առաջին 6 ամիսներին «Արարատբանկն» աշխատել է շահույթով: «Աճն ակնհայտ է, բնականաբար, մենք կցանկանայինք տեսնել ավելի մեծ աճ, սակայն այս պայմաններում դա անհնար է»,-ասել է նա:
Ըստ Օսիպյանի, ընդհանուր առմամբ իրավիճակը բանկում դրական է, վերջին 6 անսում բանկը 6 բաժանմունք է բացել, ավելացրել է բանկային ավանդները, ամփոփվում է բանկի գործունեությունն այս շրջանում, արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը: «Ընթանում է բանկի կապիտալիզացման ավելացման գործընթացը, աճ է ապահովվում, բաժնետերերը շահույթ են ստանում»,-ասել է նա:
Ճգնաժամի պայմաններում շատ բանկեր միավորվում են, հետեւանքներն առավել հեշտությամբ հաղթահարելու համար: «Մենք պատրաստ ենք նման միավորման, քանի որ դա նորմալ գործընթաց է»,-ասել է նա: Ընդ որում Օսիպյանը հաղորդել է, որ բանկի ծրագրում կա նաեւ մեկ այլ ֆինանսական կազմակերպություն ձեռք բերելու մտադրություն եւ շուտով «Արարատբանկը» կներկայացնի իր ձեռքբերումը:
«Արարատբանկը» ձեւավորվել է «Հայկապբանկի» բաժնետոմսերի ձեռք բերման արդյունքում, որը գործում էր 1991 թվականից: 2005թ. սեպտեմբերին բանկը վերածվեց փակ բաժնետիրական ընկերության:
Բանկը Հայաստանի բանկերի միության անդամ է, ՀՀ ֆինանսների նախարարության ու Կենտրոնական բանկի գործընկերն է, նրան տրամադրվել է Հայաստանի պետական կառավարման գործակալի կարգավիճակ` պարտատոմսերի առաջնային ու երկրորդական շուկաներում: