8 հուլիսի 2009 - 21:17 AMT
Ադրբեջանի նախագահի հայտարարություններում սկսել են դրական նոտանե՞ր հնչել
Ադրբեջանի նախագահի հայտարարություններում սկսել են դրական նոտաներ հնչել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, այն, որ Ալիեւը խոսեց «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության» մասին, դրական երեւույթ է:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա, ապա ամերիկյան դիվանագետը հերթական անգամ ընդգծել է, որ այդ երկու գործընթացները զուգահեռ են ընթանում եւ դրանք չի կարելի միեւնույն տեսանկյունիս դիտարկել: «Ճիշտ է, եթե գործընթացներից մեկն ավելի արագ ընթանա, ապա դա, անկասկած, կազդի մյուսի վրա»,- ասել է Բրայզան:
Դրա հետ մեկտեղ նա ժխտել է իրեն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին ադրբեջանական ԶԼՄ տեղեկատվությունը: «Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ, նախագահ Օբաման Սենատին չի առաջարկել դեսպանի թեկնածությունը, ուստի ես առայժմ մնում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական»,- ընդգծել է Բրայզան:
Համանախագահներ Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովն իրենց հերթին համաձայնեցին, որ Ադրբեջանի նախագահի հռետորությունը փոքր-ինչ մեղմացել է: «Մենք երկար տարիներ ասում էին Ալիեւին, որպեսզի նա դադարի ռազմական հայտարարություններ կատարել, եւ կարծես, նա մեզ արդեն ականջ է դնում»,- նշել է Ֆասյեն:
«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ «հարկավոր է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»: