11 հուլիսի 2009 - 14:47 AMT
Ղարաբաղի հարցում փոխադարձ զիջումները պետք է արտացոլեն այսօրվա իրողությունները
Հայաստանի համար փոխադարձ զիջումները կարող են ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե Բաքուն հստակ հայտարարի, որ պատրաստ է գնալ փոխադարձ զիջումների: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Փոխադարձ զիջումները պետք է միաժամանակ կատարվեն եւ չհիմնվեն «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» հասկացության վրա: Արդեն 20 տարի է անցել, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է պատերազմի միջով եւ հասել է անկախության: Ոչ ոք, նույնիսկ գերտերությունները, իրավունք չունեն հաշվի չառնելու այս փաստը, կայացած հանրաքվեի փաստը, որի արդյունքում ԼՂՀ ժողովուրդն արտահայտեց իր ցանկությունն ու կամքը»,-ասել է Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով անհրաժեշտ է, որ կողմերի փոխադարձ զիջումները արտացոլեն այսօրվա իրողությունները: