1 մայիսի 2002 - 20:58 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ
Մեկնաբանելով, Տրաբզոնում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ ունեցած երկկողմ բանակցությունների արդյունքները` Հեյդար Ալիեւը ընդգծել է, որ Անկարան շարունակում է աջակցել պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ալիեւի խոսքերով, Թուրքիան մտադիր չէ բացել սահմանները եւ համագործակցել Հայաստանի հետ այնքան ժամանակ, մինչեւ հայկական զորքերը դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»: Ադրբեջանի նախագահը հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ սույն թվականի մայիսին Րեյկյավիկում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հիշեցնենք, որ դրա նախաձեռնողը թուրքական կողմն էր: Մեկ տարի առաջ պաշտոնական Երեւանը մերժել էր եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը, ընդգծելով, որ բանակցությունները անիրատեսական են այն պայմաններում, երբ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Սակայն, մեկ ամիս առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդես եկավ հայտարարությամբ` Թուրքիայի հետ երկխոսությունը ակտիվացնելու պաշտոնական Երեւանի պատրաստակամության մասին: Դրան հետեւեց հաղորդագրությունը Իսլանդիայի մայրաքաղաքում հանդիպման նախապատրաստման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: