24 հուլիսի 2009 - 18:30 AMT
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դեռեւս չի նշանակում Թուրքիայի սահմանների ճանաչում
«Մենք կմեկնենք Թուրքիա ֆուտբոլ խաղալու, եթե կոնկրետ առաջընթաց գրանցվի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ճանապարհների բացման հարցում: Կարեւոր է նշել, որ մենք ցանկանում ենք ճանապարհները բացել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, այլ ոչ թե սահմանը, քանի որ, ով է ասել, որ գոյություն ունեցող բաժանարար գիծն է ճշմարիտ սահմանը երկու երկրների միջեւ»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ Սահակյանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ճանապարհների բացման հարցը նաեւ գերտերությունների օրակարգում է: Նա նաեւ հավելել է, որ այս հարցում այժմ տեսանելի է բարի կամքի դրսեւորում նաեւ Թուրքիայի իշխանությունների կողմից, սակայն այդ երկրի ներսում տարբեր խնդիրներ կան, ուստի Թուրքիայի իշխանությունները հանդես են գալիս տարբեր հայտարարություններով:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դեռեւս չի նշանակում Թուրքիայի սահմանների ճանաչում»,-հայտարարել է Գ.Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին եւ հավելել է.«Հայաստանի կողմից թուրքական պետության ճանաչումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դեռեւս չի նշանակում նրա սահմանների ճանաչում»: