29 հուլիսի 2009 - 15:57 AMT
ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը նախադեպ է ստեղծում գործատուների կամայականությունների համար
ՀՀ Վերաքննիչ դատարանը չի բավարարել Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների հայցը, որոնք բողոքարկել էին դպրոցի տնօրինության որոշումը` պայմանագրի դրույթները միակողմանի կարգով փոխելու վերաբերյալ: «Տնօրինությունն իրավունք չուներ փոփոխության ենթարկել իրավապայմանագրային հարաբերությունները եւ նման պայմանգրեր կնքել»,-այսօր համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արամ Կարախանյանն ու Մարիամ Ղուլյանը:

Ըստ Ղուլյանի, ուսուցիչների հայցի մերժումը վերաքննիչ դատարանի կողմից հակասում է Վճռաբեկ դատարանի 2008թ. հուլիսի 23-ի որոշմանը մեկ այլ գործով, որտեղ գրանցված է, որ ժամկետային պայմանագրեր կարող են կնքվել միայն բացառիկ դեպքերում, եթե աշխատանքը սեզոնային է եւ երկարատեւ բնույթ չի կրում:

Մարիամ Ղուլյանը նշում է, որ Վճռաբեկ դատարանի, որպես ավելի բարձր ատյանի, որոշումները պարտադիր են վերաքննիչ դատարանի համար, ինչը հստակ նշված է ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում, եւ հավելել է, որ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը:

Ինչպես նշել է փաստաբան Արամ Կարախանյանը, Վերաքննիչ դատարանի նման որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, ինչը թույլ կտա հետագայում այլ գործատուների միակողմանի կարգով փոխել աշխատակիցների հետ պայմանագրի դրույթները` խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսդրությունը:

Փաստաբանները հաղորդել են, որ Վերաքննիչ դատարանի որոշման բողոքարկման նպատակով իրենք մտադիր են շաբաթվա ընթացքում դիմել Հայաստանի Վճռաբեկ դատարան: