29 հուլիսի 2009 - 22:11 AMT
«Արի տուն» ծրագրի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին
Օրերս «Արի տուն» ծրագրի մասնակիցները այցելել են Արտաշատ: Շառլ Ազնավուրի անվան քաղաքային մշակույթի տանը հյուրերը մասնակցել են «Երգենք եւ պարենք հայերեն» ծրագրին, որը նախապատրաստել էին այդ մշակութային հաստատության սաները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները եղել են նաեւ Խոր Վիրապում:
«Արի տուն» ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակել է մի քանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Նրա նպատակն է` ակտիվացնել սփյուռքահայ երիտասարդների այցերը Հայաստան, որտեղ նրանք կբնակվեն հայկական ընտանիքներում:
Ծրագրի մասնակիցները կապրեն ընտանիքներում` Երեւանում, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում:
Պետությունը կհոգա մասնակիցների բոլոր ծախսերը Հայաստանում` ներառյալ մուտքի վիզայի ստացումը, ուղեւորությունն ու տրանսպորտը, թանգարանների ու պատմական հուշարձանների այցելությունը: «Արի տուն» ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 22 մլն դրամ:
Ծրագրի հովանավորներն են Ամերկիայի իրաքահայերի միությունը, Երեւանի կոնյակի գործարանը, «ԱրմենՏել» ընկերությունը եւ բջջային օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը: