6 օգոստոսի 2009 - 18:29 AMT
Հայաստանի կառավարությունը վերանայել է Հայկական ե/գ ՌԵՈՒ-ին փոխանցելու մասին պայմանագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստի որոշմամբ հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին:
Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, ՌԵՈՒ ղեկավարության հետ հանդիպմանը ձեռք բերվեցին պայմանավորվածություններ կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Ինչպես նշել է Սարգսյանը, կոնցեսիոն պայմանագրում ի հայտ են եկել որոշ թերություններ, որոնք պետք է շտկվեն:
«Դրանից բացի տրանսպորտի եւ կապի նախարարը իրավասու է ստորագրել պայմանագրի նոր տարբերակը»,- հաղորդել է Գուրգեն Սարգսյանը: Այդ պայմանագրում ներառված է նաեւ երկաթուղային սակագների որոշման կարգը կարգավորող դրույթը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ պայմանագրի նորացված տարբերակին համապատասխան կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման Հայաստանում այլեւս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել:
«Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն եւ տեղյակ պահել կառավարությանը: Եվ եթե մենք նպատակահարմար չենք համարում փոխել սակագները, ապա պարտավոր ենք փոխհատուցել այն դրույթները, որ նրանք կրում են»,- նշել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի կառավարության նախագահի խոսքով, սակագների փոփոխությունը այսուհետեւ միայն այս մեթոդաբանությամբ տեղի կունենա, ինչը կանխատեսելի կդարձնի դրանք: «Մենք չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ սակագների փոփոխությունը կոնցեսիոները հայտարարեց եւ բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»,- հայտնել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: