23 ապրիլի 2002 - 23:51 AMT
ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ` ԸՍՏ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԻ
Այսօր Հայաստանի Տնտեսական դատարանում սկսվել են լսումներ «Ա1+» հեռուստաընկերության կողմից Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ: Հեռուստաընկերության ղեկավարությունը մեղադրում է հանձնաժողովին, որ նա ապօրինի կերպով զրկել է «Ա1+»-ին հեռուստաեթերից: Հիշեցնենք, որ եթեր դուրս գալու թույլտվության մրցույթի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը զիջել է 37-րդ դեցիմետրային հաճախականության ալիքի վրա հեռարձակման իրավունքը «Շարմ» հեռուստաընկերությանը: Հայցվորների կարծիքով, Հանձնաժողովի կողմից անցկացվող ազատ հաճախականություններում հեռարձակման իրավունքի մրցույթը, եւ դրան հետեւած որոշումը հակասում է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի մի շարք հոդվածների: Մասնավորապես, խախտված են մրցույթի հայտարարության ժամկետները եւ անցկացման կարգը: Այսօրվա նիստին հայցվորների ներկայացուցիչները ներկայացրել են երկու միջնորդություն` հեռուստաընկերության հաղորդիչի միացման եւ եթերի վերականգնման մասին: Երկու միջնորդություններն էլ մերժվել են: Իր հերթին, պատասխանողները պնդում են, որ Հանձնաժողովի անդամների գործողությունները համապատասխանում են օրենքին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: