22 ապրիլի 2002 - 20:32 AMT
ՔԻՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հայտնի ամերիկահայ միլիարդատեր Քիրք Քրքորյանի կողմից ստեղծված «Լինսի» հիմնադրամը Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող ավտոճանապարհների վերականգնմա համար տրամադրել է 80 միլիոն դոլար: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանը, նախատեսվում է, մասնավորապես, վերականգնել եւ կառուցել մոտ 600 կիլոմետր ճանապարհ եւ ավարտին հասցնել երկու թունել: Տվյալ պահի դրությամբ, ընդգծել է նա, արդեն յուրացվել է ութ միլիոնը: Սեւան-Դիլիջան թունելը շահագործման կհանձնվի 2003 թվականի հոկտեմբերի 20-ին: Բեզոյանի խոսքերով` նախատեսվում է վերսկսել նաեւ Սպիտակ-Նալբանդ չավարտված թունելի շինարարությունը: Ինչ վերաբերում է Երեւան-Սեւան ավտոմայրուղուն, ապա այն շահագործման կհանձնվի մինչեւ 2002 թվականի նոյեմբերը: Վանաձոր-Դիլիջան մայրուղու երկու մասերը արդեն շահագործված են, եւ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը ճանապարհը պատրաստ կլինի ամբողջությամբ: Դիլիջան-Իջեւան 47-կիլոմետրանոց վերականգնված մայրուղին նույնպես շահագործման կհանձնվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Հայաստանի ավտոճանապարհների վերականգնման վերաբերյալ ծրագրի երկրորդ մասը նախատեսում է Սելիմի լեռնանցքով Սեւան-Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի, Երեւան-Արմավիր-Իսահակյան-Գյումրի մայրուղիների վերականգնումը, Աշտարակի կամուրջի շինարարության երկրորդ փուլը, Վանաձոր-Այրում ճյուղի ինը երկաթուղային կամուրջների վերակառուցումը, ինչպես նաեւ Նոր-Հաճնի եւ Ստեփանավանի կամուրջների վերակառուցումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: