22 ապրիլի 2002 - 20:43 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի խորհրդարանի էներգետիկայի, բնապահպանության եւ բնության ռեսուրսների հանձնաժողովի նախագահ Ասյա Մանաֆովան հանդես է եկել Վրաստանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ` Քուռ գետը աղտոտելու համար: «Վրաստանն ընդունում է այդ փաստը, սակայն պատճառաբանում է անհրաժեշտ միջոցառումների համար ֆինանսական միջոցների բացակայությամբ»,- ընդգծել է նա: Մանաֆովայի տվյալներով, Վրաստանի տարածքում կան 14 ջրամաքրման կայաններ, սակայն դրանցից ոչ մեկը չի աշխատում: Այդ պատճառով, կոյուղու հոսքը լցվում է Քուռ: Ադրբեջանական խորհրդարանականը կոչ է անում տնտեսական բնույթի պատժամիջոցները կիրառել նաեւ Հայաստանի նկատմամբ: Սակայն, եթե Վրաստանի դեպքում պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել սահմանամերձ գետերի անվտանգության ապահովման համկարգման ջանքերի վերաբերյալ, իսկ Հայաստանի հետ, այդ կապակցությամբ, ադրբեջանցիները չեն ցանկանում երկխոսություն հաստատել: «Մեզ Վրաստանում առաջարկել են ջրային խնդիրների վերաբերյալ կնքել երկկողմ եւ եռակողմ համաձայնագրեր, սակայն ես խորհրդարանում երբեք չեմ բարձրացնի այդ հարցը, քան դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը»,- հայտարարել է Մանաֆովան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: