24 օգոստոսի 2009 - 19:38 AMT
Թուրքիան փորձում է Հայաստանի միջոցով ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում
Ճիշտ չէ ողջ հայ-թուրքական գործընթացը կապել այն հարցի հետ, թե արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի պատասխան ֆուտբոլային հանդիպմանը, թե ոչ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ինձ թվում է, որ թուրքական կողմն արդեն որոշում է ընդունել` եթե ոչ ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա առնվազն բացել հայ-թուրքական սահմանը: Երեւանի հետ կնքելով «ճանապարհային քարտեզը»` Անկարան ցույց տվեց, որ հրաժարվում է Հայաստանի նկատմամբ վարած իր նախկին քաղաքականությունից»,- նկատել է թուրքագետը:

Նրա խոսքով, օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը թուլացան, իսկ Մոսկվայի ազդեցությունն ուժեղացավ: «Եւ այժմ Թուրքիան նպատակ է հետապնդում Հայաստանի միջոցով ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Բայց միեւնույն ժամանակ թուրքական դիվանագիտությունը զանազան միջոցներով փորձում է Երեւանին զիջումների հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում»,- նկատել է պրոֆեսորը:

Նա ավելացրել է, որ այդ առումով ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը, որի համաձայն նա կմեկնի Թուրքիա` դիտելու պատասխան ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ միայն այն դեպքում, եթե բացվեն սահմանները կամ եթե կողմերը ապաշրջափակման գործընթացում առաջխաղացում ունենան, շատ կտրուկ էր: «Բայց, այնուամենայնիվ, ես չեմ գտնում, որ թուրքերը սահմանի անհապաղ բացման կգնան»,- հայտնել է Ռուբեն Սաֆրաստյանը: