27 օգոստոսի 2009 - 21:32 AMT
Հայաստանի կառավարությունն աջակցում է կառուցապատողներին
ՀՀ Կառավարությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, հինգշաբթի օրը կայացած նիստին որոշել է Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:

Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընկերության հետ կնքվելու է գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ:

Նիստի ընթացքում չորս այլ որոշումներով կառավարությունը չորս ընկերությունների թույլատրել է երկարաձգել նրանց կողմից ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետները: Դա նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամի հետեւանքով ստեղծված դժվարությունները եւ հաջողությամբ շարունակել հետագա գործունեությունը:

Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունված որոշումները բխում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի տրամաբանությունից: «Գործադիրը անբարեխիղճ աշխատանքի պատճառով մերժել է համանման խնդրանքով դիմած մեկ ընկերության, որը, վարչապետի բնորոշմամբ, չգրանցված գործունեություն էր իրականացնում ՀՀ տարածքում եւ չէր կատարում իր պարտավորությունը պետության հանդեպ»,- ասել է նա:

Բացի դրանից, ընդառաջելով «Ագարակի պղնձամոլիբդենայինկոմբինատ» ՓԲԸդիմումին` կառավարությունը փոփոխել է ս.թ. հունիսի 26-ին ընդունած «Հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու մասին» որոշումը, որը շարադրվել է ձեռնարկության համար ավելի նպաստավոր տարբերակով: