27 օգոստոսի 2009 - 21:41 AMT
Կայացած բանակի շնորհիվ Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս վստահ ու արժանի դիրքից
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացներում հանդես է գալիս վստահ ու արժանի դիրքից, քանի որ նման հնարավորություն է ընձեռում երկրի բանակը` Հայաստանի ամենակայացած կառույցը: Այդ մասին պաշտպանության նախարարությունում անցկացրած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության ժամանակ
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ամրագրել կատարման հստակ ժամկետներ:

Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ տեղյակ է ընթացիկ խնդիրներին` Հանրապետության նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաեւ խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին: Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի: