26 հունիսի 2003 - 22:28 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՆԱՑՈՂ ՄԱՅՐ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Մայր գազամուղը, որով իրականացվում է Ռուսաստանից գազի ներմուծումը Վրաստան եւ Հայաստան, գտնվում է ծանրագույն վիճակում եւ բազմամիլիոնանոց ներդրումների կարիք ունի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Վրաստանի էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավան: Նրա խոսքերով, նման ներդրումներ պատրաստ է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ը, քանի որ Վրաստանը նման միջոցներ չունի: Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի ճյուղային տնտեսության կոմիտեի նախագահ Դեմուր Գիորխելիձեն նշել է, որ «Գազպրոմ»-ը Վրաստան մուտք կգործի միայն որպես կոմերցիոն հիմունքով գազի իրացնող: Իսկ Ռուսաստանի գազի մենաշնորհատիրոջը մայր գազատարի որեւէ հատված հանձնելու հարց դեռեւս գոյություն չունի: Գիորխելիձեն ավելացրել է, որ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանին ավելի շահավետ է, քան որոշ մասնավոր ընկերությունների, այդ թվում` «Իտեռա»-ի հետ: