5 սեպտեմբերի 2009 - 10:52 AMT
Ջերմեյն Թեյլոր. Ես գերազանցում եմ Աբրահամին եւ կթելադրեմ յուրաքանչյուր ռաունդի ընթացքը
Միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մրցակից, նույն քաշային կարգում աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ չնայած նրան, որ մենամարտը տեղի կունենա Աբրահամի հայրենի քաղաքում, հաղթանակողն ինքն է լինելու:

«Ես անհամբեր սպասում եմ առաջիկա մենամարտին: Արթուրն այժմ ջանադրաբար մարզվում է Բեռլինում, սակայն ես առավել ջանադրաբար եմ մարզվում: Ես Աբրահամից լավն եմ, ուստի ինձ չի անհանգստացնում այն, որ ես մեկնելու եմ իր տարածք եւ մենամարտելու եմ նրա երկրպագուների ներկայությամբ: Ես եմ թելադրելու յուրաքանչյուր ռաունդի ընթացքը»,-հայտարարել է Թեյլորը:

Թեյլորի փրոմոութեր Լու Դիբելլան, իր հերթին, հավելել է, որ Թեյլորը կհիասթափեցնի Աբրահամի երկրպագուներին` առաջին պարտությունը հասցնելով նրանց կուռքին:

«Այս մրցաշարը պատմության մեջ կմտնի եւ հոկտեմբերի 17-ին Ջերմեյնը կամրագրի երկրորդ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի իր համբավը` հաղթելով անպարտ չեմպիոնին իր հայրենի քաղաքում աղաղակող լսարանի առջեւ, որն ամբողջապես Աբրահամին է երկրպագելու»,-Դիբելլայի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի Օ2 արենայում եւ պաշտոնապես կբացի երկրորդ միջին քաշային կարգի մրցաշարը վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ: