5 սեպտեմբերի 2009 - 10:54 AMT
Սյուզի Քենտիկյան. Ես կկարողանամ պաշտպանել իմ «Killer Queen» տիտղոսը, լինի դա նոկաուտով կամ առանց դրա
Հայ մարզուհի, թեթեւագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ կանանց շրջանում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) իր տիտղոսները կպաշտպանի հոկտեմբերի 10-ին WIBF վարկածով աշխարհի անպարտ չեմպիոն, գերմանացի Յուլիա Սախինի (20-0, 2 նոկաուտ) դեմ մենամարտում: Առաջիկա մենամարտի կապակցությամբ «թագուհի-մարդասպանը» հայտարարել է, որ ցանկացած դեպքում կկարողանա պաշտպանել իր այդ տիտղոսը, լինի դա նոկաուտով կամ առանց դրա:

«Ես լավ եմ ճանաչում Յուլիա Սախինին, մենամարտելու նրա ոճը: Նա պարտություն չկրած չեմպիոն է թեթեւագույն քաշային կարգում, շատ ճկուն եւ արագաշարժ մարզիկ է, սակայն ես էլ եմ այդպիսին: Իսկ իմ հարվածներն ավելի ուժեղ են: Եթե ես նույնիսկ առանց նոկաուտի հաղթեմ, ապա ինձ միեւնույն է կկոչեն «Killer Queen»: Ես լավ եմ պատրաստվել այս մենամարտին եւ կշարունակեմ նույն ոգով, քանի որ առաջիկա մենամարտը խոստանում է ծանր լինել»,-մեջբերում է Քենտիկյանին boxing.de-ն:

Հիշեցնենք, որ Քենտիկյան-Սախին մենամարտը կանցնի Ռոստոկ քաղաքում բռնցքամարտի շոուի շրջանակներում` Universum Box-Promotion-ի կազմակերպմամբ: