11 ապրիլի 2002 - 00:16 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պաշտոնական Անկարան կրկին առաջարկում է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Թուրքական ԶԼՄ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է թուրքական կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ: Նա հիշեցրել է, որ եռակողմ հանդիպման անցկացման մասին նախաձեռնությամբ մոտ մեկ տարի առաջ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը: Մեկ տարի առաջ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տրված հարցազրույցում, մեկնաբանելով Ջեմի առաջարկը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ հնարավոր չի համարում նման եռակողմ հանդիպման անցկացումը: Նախարարը նշել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման շարունակման եւ Թուրքիայի բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշման պայմաններում «նման հանդիպումը անարդյունավետ կլիներ»: Սույն թվականի ապրիլի 4-ին Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հայաստանը կփորձի ակտիվացնել երկխոսությունը Թուրքիայի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: